«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ի կողմից կազմակերպած ֆոտո-մրցույթի հաղթողներն են

08 | 08 | 2023

I-ին մրցանակային տեղ․

«Բլոկադա, օր․․․․ արդեն չեմ էլ հաշվում։ Դեկտեմբերից այս կողմ միայն վախ, որ աստիճանաբար վերածվում է ապրելակերպի։ Ամեն ինչին ուշադիր հետևող ժողովուրդը վաղուց է իր հարցերը լուծել քաղաքականության հետ, ձեռքերը լվացել արտաքին աջակիցներից, հաշվի նստել մահվան հետ ու որոշել․ մինչև կուլ գնալը պայքարել։ 78- ամյա տատիս կռիվը մեր տնից է, ավելին ասեմ՝ մեզ հետ, որպեսզի տեղյակ լինի ամեն ինչից ու ամենքից:

Տատիս կռիվն էկրանի հետ է։ «Լուրեր»-ի ամեն թողարկման հետ բարձրանում է մեր տան հեռուստացույցի ձայնը։ Տատս վերցնում է համակարգչի առջև դրված աթոռը (քանի որ միայն այն է իր համար հարմար), նստում հեռուստացույցին շատ մոտ, դնում ակնոցը, որ արդեն որերորդ անգամ նորոգել էր հայրս, այն աստիճան, որ այլևս չէր փակվում։ Հետո ձեռքն է առնում հեռուստացույցի վահանակը և այդպես անշարժ մնում մինչև թողարկման ավարտը։ Թեկուզ «Լուրեր»-ի մեկնաբանի խոսքը լսվում է անգամ դրսից, այնուհանդերձ տատս լավ չի լսում․ արդեն քանի տարի է լսողության հետ խնդիրներ ունի։ Փոխարենն ավելի ուշադիր հետևում է «վազող տողին»։ Նրա հայացքից չի վրիպում և ոչ մի բառ։ Հազվադեպ լսվող բառերին կցում է ընթերցածը։ Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում է ամեն բառ ճիշտ ընկալել։ Եթե հանկարծ որևէ բառ իրեն անծանոթ է լինում, դիմում է հորս։ Եվ շատ հաճախ հայրս ժամերով կարող է նրա հետ զրուցել այդ հարցի շուրջ՝ չշրջանցելով և ոչ մի մանրուք։

Այդ օրը կողքին ես էի։ Նույն դիրքում նայում էր թողարկումը։ Ու մեկ էլ թեքվեց դեպի ինձ ու բարձր ձայնով ասաց.

-Կրակն ընկնի էդ Հաագայի դատարանը։ Ինչո՞ւ ադրբեջանին (խնդրում եմ մեծատար չդարձնել) չի ասում ո՞վ ես դու, որ իմ պահանջը չես կատարում։ Արդարությունից է խոսում, ո՞ւր է այդ արդարությունը․ մենք այստեղ բլոկադայի մեջ, իրենք էլի կոչ են անում։

Տատս ինձանից պատասխան չէր սպասում․ սրտինն ուղղակի ասել էր։ Նայեցի նրա դեմքին․ կնճիռները շատ հստակ էին ուրվագծված․ դրանց մեջ երևում էին տատիս զայրույթը, բողոքը՝ ընդդեմ աշխարհի, ու այլևս դիմակայելու անկարողությունը։

Արցախյան երեք պատերազմները տատս նույն նկուղում է անցկացրել՝ սպասելով մեկ տղաներին, մեկ թոռներին։ Վերջին պատերազմից հետո շատ է խռովել բախտից։ Երբ սրտնեղում է, նայում է պապիս նկարին, որ 2020 թվականի պատերազմը սկսելուց երկու ամիս առաջ էր մահացել։ Նայում ու երանի է տալիս նրան, որ ոչինչ չտեսավ։ Իսկ վերջում միշտ ավելացնում․ «Ա՜խ, Աստված, խնայիր ինձ»։

Իսկ պապս նկարից ժպտում է․․․․․․ »։

II-րդ մրցանակային տեղ․

«Ի տարբերություն սննդի, հերթերն այստեղ վերջ չունեն»։

III-րդ մրցանակային տեղ․

«Նկարում ես եմ և Ռիչին Երկուսս էլ բլոկադաի մեջ ենք, բայց չենք տխրում, չենք կոտրվում.համբերատար ապասում ենք: Ռիչիի ամենօրյա սնունդը վաղուց արդեն չկա, նա դա հասկացել է((( Աշխատավայրում կոլեգաներիս խնդրում եմ, որ տանը միս ուտելու դեպքում, ոսկորները ինձ համար բերեն։ Ամեն անգամ վերցնելուց ուրախանում էի, որովհետև հասկանում է, որ Ռիչին այսօր էլ բան կունենա ուտելու։ Նա ամեն օր 18:30 անհամբեր սպասում էր ինձ` իր ոսկորների հետ: Այնպես էր ստացվել, որ նկարի օրը ուտելու բան չէի տարել տուն... Ռիչիի խոսուն հայացքը, նա ամեն ինչ հասկացավ...»: