Արցախի ՀԿ-ների հայտարարությունը՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ
Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ.
Հուլիսի 8-ին և 9-ին Սիվիլնեթի լրագրող Հայկ Ղազարյանը լուսաբանում էր Արցախի Հանրապետության դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ցույցը։ Ցուցարարները հավաքվել էին իրենց բողոքը հայտնելու, որ փաստաբաններին չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ կալանավոր Արման Իսրայելյանին։
Երբ իրարանցում է սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև, ինչը հեռախոսով նկարահանելիս է եղել Հայկ Ղազարյանը, ոստիկանության ծառայողը ապօրինաբար խլել է վերջինիս բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը։ Հայկ Ղազարյանը ոստիկանին խնդրել է ներկայանալ, բայց նա չի ներկայացել և առանց հեռախոսը վերադարձնելու հեռացել է։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ, բայց՝ տեսագրությունը ջնջած։
Այնուհետև, հուլիսի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ տուն գնալու ճանապարհին հարձակվել են Հայկ Ղազարյանի վրա, քաշքշել, հարվածներ հասցրել դեմքին և մարմնին։
Արցախի հասարակական կազմակերպություններն անընդունելի են համարում խոսքի ազատության ոտնահարումը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը և լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում կարևոր ենք համարում իրավապահ մարմինների առավել պատասխանատու և հավասարակշիռ գործելաոճը։ Երբ Ադրբեջանի կողմից ամեն օր խախտվում են արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, Արցախի իշխանությունները պարտավոր են զգոն լինել և թույլ չտալ մարդու իրավունքների լրացուցիչ խախտումներ պետության ներսում։
«Քաղաքացիական Հաբ» ՀԿ
«Ստեփանակերտի Մամուլի ակումբ» ՀԿ
"Կռունկ" Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
«Կրթություն հանուն ապագայի» ՀԿ
«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
«Վեկտոր» ՀԿ
«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ
«Անէլ» ՀԿ