Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
2022 թ․-ի Դեկտեմբերի 12-ի առավոտյան 10։30 -ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Մեկ օրից ավել է ամբողջությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախի 120 000 հայ բնակչությունը զրկված է ոչ միայն արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից, այլ նաև սննդամթերքի, դեղամիջոցների, էներգակիրների և կյանքի համար առաջնային այլ ապրանքների մատակարարումից։
Ադրբեջանի այս պրովոկացիան տարիներ շարունակ իրականացվող հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, որի միակ նպատակը Արցախի հայ բնակչության տեղահանումն է, և այդ միջոցով Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը:
Էթնիկ զտումների և տեղահանման այս քաղաքականությունը ուղեկցվում է մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, ինչպես օրինակ ազատ տեղաշարժվելու, սննդի և բժշկական օգնության իրավունքները։ Ադրբեջանն այս քայլերով նաև շարունակական հոգեբանական ճնշում և վախի մթնոլորտ է փորձում ստեղծել արցախահայության շրջանում։ Այս իրավիճակի տևական շարունակությունը անխուսափելիորեն հանգեցնելու է հումանիտար ճգնաժամի, որը բերելու է մարդկային կորուստների, նոր պատերազմի և տարածաշրջանում լարվածության աճի։
Արցախի՝ աշխարհին կապող միակ ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրով գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ և դուրս է ադրբեջանական վերահսկողությունից։ Ադրբեջանի այս քայլերը ոտնահարում էն թե՛ արցախահայության իրավունքները, թե՛ եռակողմ համաձայնագիրը։
Կոչ ենք անում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին, միջազգային դերակատարներին պատշաճ գնահատական տալ Արդբեջանի հանցավոր գործողություններին և գործուն միջամտություն ցուցաբերել՝ կանխելու հումանիտար վերահաս ճգնաժամը։