Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը Արցախում
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
23 | 07 | 2023
Ասկերանի շրջան, Սարուշեն
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Ադրբեջանը կրկին արգելափակել է ԿԽՄԿ-ի կողմից արցախցի բուժառուների տեղափոխումը
11 | 07 | 2023
Քաշաթաղի շրջան, Բերձոր
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ: Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել
09 | 07 | 2023
Հադրութի շրջան, Հադրութ
2023 թվականի հուլիսի 9-ին մեդիա տիրույթում տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։
Լուսանկարում ադրբեջանցի մի երիտասարդ նստած է տապալված խաչքարի պատվանդանին, որը նաև պղծված է ինչ որ գրությամբ և ցույց է տալիս Գորշ գայլերի նշանը (https://t.me/ararathau/18879)։ Այն թյուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նշանն է, որը «Գորշ գայլերը» համարում են իրենց խորհրդանիշը։
Ադրբեջանական դիրքերից կրակել են Բերդաշենում աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ
06 | 07 | 2023
Մարտունու շրջան, Բերդաշեն
Հուլիսի 6-ին ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:
Ադրբեջանը կրակ է բացել` կիրառելով ԱԹՍ-ներ. Հայկական կողմն ունի 4 զոհ
28 | 06 | 2023
Մարտունու շրջան, Մարտունի
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ`
Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը,Գագիկ Բալայանը:
Ադրբեջանը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակչի ուղղությամբ
25 | 06 | 2023
Մարտունու շրջան, Մյուրիշեն
Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
23 | 06 | 2023
Քաշաթաղի շրջան, Բերձոր
Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։
Սուրբ Համբարձման եկեղեցին գտնվում է Բերձորի հարավարևմտյան ծայրամասում, Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին։
2022 թվականին Բերձորից տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։
Ադրբեջանն Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել է բետոնե արգելապատնեշով
22 | 06 | 2023
Քաշաթաղի շրջան, Բերձոր
Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները:
Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը: Վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող
22 | 06 | 2023
Մարտակերտի շրջան, Մարտակերտ
Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման եւ զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
22 | 06 | 2023
Մարտակերտի շրջան, Մարտակերտ
Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։
Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:Վնասի չափը պարզվում է:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ադրբեջանը կրակել է «Խազազին տակ»-ում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ
14 | 06 | 2023
Մարտունու շրջան, Սոս
Հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Հունիսի 14-ին, Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնել է, որ ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել իր ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ադրբեջանը կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ
08 | 06 | 2023
Մարտունու շրջան, Մարտունի
Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։